Բաղադրիչներ
Խմորի համար
- 100 գ կարագ
- 150գ շաքարի փոշի
- 2 ձու
- 170 գ թթվասեր
- 190 գ ալյուր
- 1 ճ/գ կակաո
- 1 թ/գ սոդա
- սննդային կարմիր ներկ
Կրեմի համար
- 150 գ շաքարի փոշի
- 200 գ սերուցք (33-35%)
- 450 գ կաթնաշոռային պանիր
Զարդարելու համար
- 3 ելակ
Պատրաստման եղանակը
Բիսկվիթի պատրաստումը
Թթվասերին ավելացնել սննդային կարմիր ներկը, լավ խառնել և դնել մի կողմ, որպեսզի գույնը ամբողջությամբ ակտիվանա։ Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել հարիչով, ապա աստիճանաբար ավելացնել 150 գ շաքարի փոշին և ձվերը՝ հարելով մինչև ստացվի համասեռ զանգված։ Ստացված խառնուրդին ավելացնել արդեն ներկված թթվասերը և ձեռքի հարիչով լավ խառնել։
Հետո խառնուրդին ավելացնել մաղով անցկացրած ալյուրը, կակաոն և սոդան և կրկին խառնել մինչև ստացվի հարթ, համասեռ խմոր առանց գնդիկների։ Խմորը լցնել նախապես պատրաստված կաղապարի մեջ և թխել 170°C ջեռոցում 40–45 րոպե։ Թխված բիսկվիթը թողնել, որ ամբողջությամբ հովանա։
Կրեմի պատրաստումը
Հարիչով միասին հարել կաթնաշոռային պանիրը, 150 գ շաքարի փոշին և սերուցքը՝ մինչև ստացվի համասեռ, փափուկ զանգված։
Տորթի հավաքումը
Հովացած բիսկվիթը զգուշությամբ հանել կաղապարից և բաժանել 3 շերտի։ Կաղապարի մեջ առաջին շերտը տեղադրել, քսել կրեմի 1/3 մասը, դնել երկրորդ շերտը, կրկին քսել կրեմի 1/3-ը և ավարտել վերջին բիսկվիթի շերտով։ Մնացած կրեմը օգտագործել տորթի արտաքին պատերը պատելու համար։
Տորթը դնել սառնարանում մի քանի ժամ, որպեսզի կրեմը լավ սառչի և ձևը պահպանի։ Այնուհետև զգուշությամբ հանել կաղապարից, վրան դնել ելակը և մատուցել։