Պաղպաղակի մասին բազմաթիվ պատմություններ կան, սակայն ոչ ոք չգիտի, թե ով և որտեղ է պատրաստել առաջին պաղպաղակը։ Ասում են, որ Ալեքսանդր Մակեդոնացին շատ էր սիրում ձյան հետ մատուցվող մրգերն ու հատապտուղները, որոնք նաև հյուրասիրում էր իր թանկագին հյուրերին։ Դա, գուցե, պաղպաղակ չէր, սակայն դրա նախատիպն էր։ Մերօրյա պաղպաղակին ավելի նման քաղցրավենիքի մասին եվրոպացիներին պատմել է իտալացի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն։ Շուրջերկրյա ճամփորդության ժամանակ նա Չինաստանում այնքան էր հավանել պաղպաղակը, որ հայրենիք վերադառնալուն պես բոլորին պատմում էր այդ հրաշքի մասին: Ի դեպ՝ որոշ աղբյուրներ վստահեցնում են, որ Չինաստանում 5000 տարի առաջ պաղպաղակ են պատրաստել։ Այն եղել է ընտրյալների ու բարձրաշխարհիկ անձանց սիրելի քաղցրավենիքը, որի բաղադրատոմսը մեծ խորհրդավորությամբ ու խստությամբ թաքցրել են։ Այսօր պաղպաղակն ամենաշատ սպառվող կաթնամթերքներից է. աշխարհում ամեն 3 վայրկյանը մեկ պաղպաղակ են գնում: Միջնադարյան Եվրոպայում պաղպաղակը վաճառվել է ափսեներով, հետո` քաշով, իսկ 20-րդ դարի վերջից` արդեն թղթե փաթեթավորմամբ։ Հենց այս ժամանակ է, որ պաղպաղակի համար հորինվեցին վաֆլե բաժակները։ Ի դեպ՝ պաղպաղակի վաֆլե կոն պատրաստելու սարքը 1921թ․ հայտնագործել է հայազգի գյուտարար Հարրի Թաթոյանը: